Իսլամացած համշենահայերի ինքնության սեփական ընկալումը, համշենական մշակույթը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական ՀԿ-ի նախագահ ԹԵՀՄԻՆԵ ՄԱՐՏՈՅԱՆԻ և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերենի բաժնի ղեկավար ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆԻ հետ, ովքեր վերջերս են վերադարձել Թուրքիայից:
-Ի՞նչ նպատակ ուներ այցը Թուրքիա:
ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ - Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի շրջանակներում մինչ այս այցն էլ բազմաթիվ շփումներ էի ունեցել համշենահայերի հետ թե՛ նույն Խոպա քաղաքում, թե՛ Ստամբուլում և թե՛ Երևանում: Նշեմ, որ Ստամբուլում 2011-ից գործում է համշենահայերի «Հատիկ» միությունը, որի նպատակն է համշենական մշակույթի պահպանումը: Մեր այս այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հայաստանյան ու սփյուռքահայ հանրությանը ներկայացնել Թուրքիայի Արդվին նահանգի Խոպա գավառում և նույնանուն քաղաքում բնակվող իսլամացած համշենահայերի ինքնության սեփական ընկալումն ու համշենական մշակույթը:
Հարկ է նշել, որ գիտական շրջանակներում ընդունված է բոլոր համշենահայերին բաժանել երեք հիմնական խմբի. 1. արևմտյան կամ Ռիզեի, որում ընդգրկված համշենահայերը թե՛ թուրքախոս են, թե՛ իսլամացած, 2. արևելյան կամ Խոպայի, որի կազմում եղող համշենահայերը հայախոս են, այսինքն` խոսում են Համշենի բարբառով, սակայն իսլամացած են, 3. հյուսիսային կամ Ռուսաստանի և Աբխազիայի, որում ընդգրկված համշենահայերը և՛ հայախոս են, և՛ քրիստոնյա: Մեր ուսումնասիրության թիրախում են եղել միայն արևելյան կամ Խոպայի խմբի համշենահայերը: Ինչպես նշեցի, նրանք հայախոս են, սակայն շեշտեմ, որ գրեթե բոլոր հարցազրույցներն իրականացվել են թուրքերեն, քանի որ Համշենի բարբառը դյուրընկալելի չէ հայաստանցի հայերիս: Այնուամենայնիվ, մենք աշխատում էինք նրանց հետ զրուցել նաև մեր մայրենիով։ Ի դեպ, մեր ուղևորությունը հնարավոր եղավ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հիմնադրամին:
-Համշենցիներն ինչպե՞ս են վերաբերվում նման այցերին, իրենց նկատմամբ հայաստանցիների հետաքրքրությանն ու ուշադրությանը:
Մ. Ա.- Ասացի, որ համշենցիները բաժանվում են երեք հիմնական խմբի, սակայն այս խմբերն էլ միատարր չեն: Օրինակ, Խոպա գավառի համշենահայերը միմյանցից տարբերվում են թե՛ քաղաքական հայացքներով, թե՛ աշխարհընկալմամբ, թե՛ սեփական ինքնության մասին պատկերացումներով: Այնուամենայնիվ, Խոպայի համշենահայերի մեջ կա խումբ, որն ընդունում է իր հայկական ծագումը: Այս հարցում հատկապես պետք է հիշատակել համշենցիների ձախակողմյան զանգվածը, որն ունի մարքսիստական հայացքներ:
Համշենցիները հյուրասեր են, և անգամ հայկական ծագումը չընդունողները մեր հանդեպ դրսևորում էին բարյացակամ վերաբերմունք: Հարկ է հատկապես ընդգծել հայության և հայկականության նկատմամբ այն հետաքրքրությունը, որն առկա է անխտիր բոլոր համշենցիների մեջ: Կարելի է արձանագրել, որ իրենց հայկական ծագումը համառորեն չընդունող համշենահայերի վրա անգամ նման այցերը դրական ազդեցություն և հետևանք են թողնում: Վստահ եմ, որ փոխճանաչման և փոխընկալման առումով նման շփումները եկուստեք կարևոր են թե համշենահայերի, թե հայաստանցի հայերի համար:
ԹԵՀՄԻՆԵ ՄԱՐՏՈՅԱՆ- Խոպայի համշենահայերն առանձնանում են իրենց ինքնատիպ ջերմությամբ: Նրանց շրջապատում պաշտպանվածության և հարազատության յուրահատուկ զգացում է առաջանում: Մեր այցելությունը կարևոր էր ոչ միայն մեզ՝ որպես հետազոտողների, այլև իրենց համար, քանի որ ինքնության բարդ ու հակասական փնտրտուքների մեջ գտնվող համշենահայերի համար այնքան կարևոր դարձան մեր հանդիպումներն ու փոխշփումները, որ նրանք, որքան էլ զարմանալի թվա, իրենց զավակներին անվանակոչելու համար խնդրում էին հայկական անուններ թվարկել:
-Համշենահայերի երգն ու պարը, սովորույթները, լեզուն, կենցաղը, ինքնության ընկալումներն ինչո՞վ են առանձնանում:
Մ. Ա.- Կարելի է ասել, որ գործ ունենք ընդհանրապես համշենական մշակույթ երևույթի հետ, որը թեև իր ակունքներով հայկական է, սակայն դարերի ընթացքում վերածվել է մի ուրույն մշակույթի: Նաև հարկ է նշել, որ համշենական մշակույթի մեջ միաժամանակ առկա են թե՛ հայկական, թե՛ սևծովյան շրջանի մշակութային տարրեր: Որպես զուտ համշենական մշակույթի տարր կարելի է հիշատակել, օրինակ, պարկապզուկը, որը շատ հնում օգտագործել են բոլոր հայերը, բայց որքան ինձ է հայտնի, պահպանվել է միայն համշենահայերի մոտ: Դա առանձին ուսումնասիրության հարց է: Ի դեպ, համշենահայերի մշակույթով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ ընթերցել 2007-ին Բեյրութում և Երևանում հայերեն և թուրքերեն առանձին գրքերով հրատարակված «Համշէն եւ համշէնահայութիւն» գիտաժողովի արժեքավոր նյութերը:
Ինչ վերաբերում է մեր կատարած ուսումնասիրությանը, ապա ընդհանրացնելով կարելի է արձանագրել, որ համշենահայերը սեփական մշակույթի և լեզվի հանդեպ մշակել են մի ուրույն մոտեցում, համաձայն որի` իրենց ընկալում են ոչ թե հայ կամ մեկ այլ ժողովրդի ներկայացուցիչ, այլ ուղղակի համշենցի, իսկ իրենց մշակույթն էլ` համշենական:
-Համշենի մշակույթը մեզ մոտ պրոպագանդելու, համատեղ ծրագրեր իրականացնելու քայլեր առանձնապես չեն իրականացվում: Մենք հեշտությամբ համշենական արվեստը, երգն ու պարը կարող ենք շփոթել թուրքականի հետ:
Մ. Ա.- Քայլեր, թերևս, արվում են, սակայն ինչպես իրավամբ նկատեցինք, դրանք իրոք բավարար չեն: Եթե անդրադառնանք համշենական մշակույթը ներկայացնելուն ուղղված աշխատանքներին, ապա նախ պետք է հիշատակենք արդեն տասը տարի անընդմեջ Հայաստանում հրատարակվող «Ձայն համշենական» ամսաթերթը, որի գլխավոր խմբագիրն է կրոնափոխ համշենահայերի բանահյուսության, բարբառի և երգարվեստի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Սերգեյ Վարդանյանը: Հարկ է նաև նշել 2005-ին Սոչիում համշենահայությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից և «Համշէն եւ համշէնահայութիւն» գիտաժողովի նյութերի խմբագիրներից Հայկազուն Ալվրցյանին, ով նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն է: Թող անհամեստ չհնչի, սակայն մեր կենտրոնը ոչ միայն հատուկ ուսումնասիրություններ է կատարում Համշենի և համշենահայության ուղղությամբ, այլև այդ բոլոր նյութերը միաժամանակ ներկայացնում է հայերեն և թուրքերեն` Akunq.net երկլեզու կայքէջում, որում առանձնացված է հատուկ բաժին` նվիրված համշենահայերին: Հիշատակման են արժանի նաև թուրքագետ Լուսինե Սահակյանի կատարած ուսումնասիրությունները և նրա հեղինակած վավերագրական ֆիլմը` «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում»: Կարծում եմ` իրականում այնքան էլ հեշտ չէ համշենական մշակույթը շփոթել թուրքականի հետ. այն, ըստ իս, լիովին տարբերվում է թուրքական մշակույթից։
-Կար մի շրջան, երբ շատ էր խոսվում ինքնության վերահաստատման դեպքերի մասին: Իրականում ի՞նչ թիվ են կազմում դրանք: Կա՞ այսօր ինքնությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն:
Մ. Ա.- Անկեղծ ասած՝ ես նման թեմաների դեպքում սովորաբար խուսափում եմ թվերից, քանի որ կարծում եմ` թվեր սահմանելու համար անհրաժեշտ է հատուկ ուսումնասիրություն: Ներկայումս իրոք հաճախ է նկատվում իսլամացած հայերի վերադարձ քրիստոնեությանը: Սակայն պետք է տարբերակել իսլամացած հայերի խմբերը, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են գրավում համշենահայերը, ովքեր բռնի իսլամացվել են ոչ թե Ցեղասպանության ժամանակ, թեև Մեծ եղեռնի տարիներին ևս գրանցվել են քրիստոնյա համշենահայերի մահմեդականացման դեպքեր, այլ Ցեղասպանությունից մի քանի դար առաջ, դեռևս 17-18-րդ դարերում: Եթե վերադարձ ինքնությանը ասելով նկատի ունենք վերադարձ քրիստոնեությանը, ապա պետք է նշել, որ այնքան էլ մեծ չէ այն համշենահայերի թիվը, ովքեր վերջին տարիներին ընդունել են քրիստոնեություն: Եթե մի կողմ թողնենք հավատի հարցը, ապա կարող ենք արձանագրել, որ նրանց պարագայում ինքնությանը վերադառնալու խնդիր, որպես այդպիսին, գոնե իրենց համար գոյություն չունի, քանի որ իրենք իրենց ընկալում են որպես համշենցի: Ինչ վերաբերում է ինքնությունը գաղտնի պահելու անհրաժեշտությանը, պետք է արձանագրել, որ այսօրվա Թուրքիայում, առաջվա համեմատ, որոշ ազատություններ են շնորհվում փոքրամասնություններին: Այդ փաստը պայմանավորված է մի շարք գործոններով` վերջին քսանամյակում քրդական հարցի ակտիվացմամբ, ԽՍՀՄ-ի փլուզմամբ, Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացով և այլն: Կարծում եմ` այսօր ինքնությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն կարող են զգալ փոքրամասնությունների առավելապես բարձր պաշտոններ ունեցող ներկայացուցիչները, այդ թվում` համշենահայերը:
-Ժամանակակից Թուրքիայում ապահո՞վ է ապրում համշենցին, առհասարակ, ի՞նչ խնդիրների է բախվում այսօր:
Մ. Ա.- Ներկայումս համշենցիների ամենամեծ խնդիրը լեզվի և մշակույթի պահպանումն է, քանի որ համշենահայերենը հետզհետե անհետանում է: UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» ցույց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Համշեներենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ եղող» լեզուների շարքում: Մեր կատարած ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ համշենահայերի նոր սերունդը, ցավոք, արդեն գրեթե չի կարողանում հաղորդակցվել համշենահայերենով: Դրա պատճառները մի քանիսն են. ուրբանիզացիան, գլոբալիզացիան, ինչպես նաև զուտ սուբյեկտիվ գործոնը, երբ բազում համշենահայ ծնողներ իրենց զավակների հետ միտումնավոր չեն խոսել համշենահայերեն, որպեսզի նրանք կարողանան «ավելի լավ յուրացնել պաշտոնական լեզու թուրքերենը և լավ կրթություն ու աշխատանք ունենալու հնարավորություն ունենան»:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
Մ. Ա.- Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հիմնական նպատակն է գիտական ուսումնասիրություններ իրականացնել Արևմտյան Հայաստանի շրջաններում, պատմական Կիլիկիայում, Համշենում և ընդհանրապես ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարբեր շրջաններում Ցեղասպանությունից փրկված արևմտահայության բեկորների` իսլամացած և ծպտյալ հայության վերաբերյալ: Կենտրոնի կատարած ուսումնասիրությունները և հիշյալ հարցերի, նաև Կոստանդնուպոլսի հայկական համայնքի խնդիրների և Ցեղասպանության մասին արված այլ հետազոտություններ և լուրեր ներկայացված են կենտրոնի երկլեզու` հայերեն և թուրքերեն կայքէջում, ինչպես նաև հրատարակվում են հայերեն ու թուրքերեն մենագրությունների տեսքով: Կենտրոնի կարգախոսն է` «Վերադարձ ձեր ակունքներին. ոմանց համար՝ դեպի Արևմտահայաստան, ուրիշների համար` դեպի հայություն»: Հասկանալի է, որ գոնե մտքով Արևմտահայաստան վերադառնալու հասցեատերերը հիմնականում Արևելյան Հայաստանի հայերն ու հատկապես սփյուռքահայերն են, իսկ դեպի հայություն վերադարձողները` Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքում, Կիլիկիայում և Թուրքիայի այլ տարածքներում հրաշքով վերապրած հայերը: Կենտրոնի թուրքերեն կայքէջի հասցեատերը հենց իսլամացած կամ ծպտյալ հայերն են, ովքեր ճակատագրի բերումով մոռացել են իրենց մայրենին: Հենց այդ հայերի համար կենտրոնը թուրքերենով ներկայացնում է ոչ միայն Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգների, գավառների և քաղաքների պատմությունը, այլև ամբողջական հայոց պատմությունը և Հայ առաքելական եկեղեցու հիմնական դրույթները: Թեև կայքն ունի բազմաթիվ այլ բաժիններ, սակայն ես կառանձնացնեի հատկապես վերջին երկուսը, քանի որ Թուրքիայում ապրող հայերը հարկադրված են սեփական պատմությանը ծանոթանալ թուրքական աղճատված և խեղաթյուրված աղբյուրներից, իսկ մեր կայքը հնարավորություն է տալիս տեղեկանալու ճշգրիտ պատմական փաստերին: Խիստ կարևոր է նաև «Մեր հավատքը» բաժինը, քանի որ թուրքերեն ներկայացնելով Հայ առաքելական եկեղեցու հիմնադրույթները` մենք վերստին քրիստոնեության վերադառնալ ցանկացող հայերի համար հնարավորություն ենք ստեղծում առնչվելու հայոց հավատին։
Թ. Մ.- Հաշվի առնելով այն փաստը, որ «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպության առաջնահերթ նպատակներից մեկն էլ երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման գործընթացը խրախուսելն է, կարևորում ենք հատկապես գիտաժողովների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպումը: Մեր առաջիկա ծրագրերից է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ երկօրյա երիտասարդական գիտաժողովի կազմակերպումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովը, որը կրում է «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը, նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագիրը, տեղի կունենա 2015 թ. մայիսի 14-ին և 15-ին՝ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Մայիսի 15-ին՝ գիտաժողովի փակումից հետո, կհրավիրվի կլոր սեղան-քննարկում, ապա կիրականացվի քայլարշավ դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ